Հալեպի «Կոմիտաս» կամերային նվագախմբի համերգը` Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում
Մայիսի 4-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցու դահլիճում համերգով հանդես եկավ Հայ բարեգործական ընդհանուր միության Հայ երիտասարդաց ընկերության Հալեպից ժամանած «Կոմիտաս» կամերային նվագախմբը: Նվագախումբը վանաձորցի հանդիսատեսին ներկայացրեց Վիվալդիի, Շուբերտի եւ արտասահմանյան այլ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երաժիշտները նաեւ հրաշալի մեկնաբանությամբ կատարեցին Կոմիտասի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: Նվագախումբը բաղկացած էր 18-25 տարեկան հալեպահայ երիտասարդներից: Միջոցառմանը ներկա էին հոգեւորականներ, արվեստագետներ, մտավորականներ, ուսանողներ եւ աշակերտներ:
Համերգի վերջում ոգեշունչ խոսքով ելույթ ունեցավ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նա իր շնորհակալությունը հայտնեց եւ° կազմակերպիչներին, եւ° նվագախմբի անդամներին հայ երգարվեստը սփյուռքում ներկայացնելու եւ հայի անունը բարձր պահելու համար:
Ի պատասխան չդադարող ծափողջույնների եւ բռավոների նվագախումբը եւս մեկ կատարում նվիրեց հանդիսատեսին:
Համերգը տեղի ունեցավ ՀՀ Ոստիկանության, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի եւ Գուգարաց թեմի առաջնորդարանի հովանավորությամբ:
Նվագախումբը ելույթներով հանդես կգա նաեւ Երեւան, Գորիս եւ Գյումրի քաղաքներում:
Դիվան Գուգարաց թեմի